Կայքի հին տարբերակը
Պատմական ակնարկ

Ինստիտուտը հիմնադրվել է ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության կողմից 1952 թվականին, որպես Մոսկվայի «Գիպրոցվետմետ» նախագծային ինստիտուտի երևանյան մասնաճյուղ: Շինարարության և նախագծային-հետազոտական աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված` երևանյան մասնաճյուղի հիման վրա 1957թ. կազմակերպվեց ինքնուրույն հաշվեկշռով առաջին կարգի նախագծային ինստիտուտ, որի վրա էին դրվում Հայաստանում կառուցվող` գունավոր մետալուրգիայի բնագավառի ձեռնարկությունների գլխավոր նախագծողի գործառույթները: Նույն թվականին Հայաստանում ստեղծվեց գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտ (ԳՀԼՄԻ), որը գլխադասային ինստիտուտի իրավասություն ուներ` գիտական հիմնախնդիրների մշակման և մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերական գործընթացների կատարելագործման նպատակով Հայաստանի գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների համար գիտահետազոտական և փորձնական-շինարարական աշխատանքներ իրականացնելու: Հետագայում ԳՀԼՄԻ-ն և Արմգիպրոցվետմետը միավորվեցին: Միավորված ինստիտուտի գործունեությունն իրականացվում էր մի քանի ուղղություններով, այդ թվում.

-հանքավայրերի մշակման արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործում և նոր, առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծում, որոնք հնարավորություն կտային ավելացնելու կոնդիցիոն հումքի ելքը և կնվազեցնեին արդյունահանման ծախսատարությունը.

-մոլիբդենի, պղնձի և այլ գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման և ոչ հանքային հումքի հարստացման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների մշակում.

-հանքավայրերում աշխատանքային պայմանների բարելավման և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով հանքերի և հանքահարստացուցիչ ֆաբրիկաների տարածքների փոշեզերծման միջոցառումների մշակում.

-պղնձի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մետալուրգիայի տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում և հանքաքարից, խտանյութից ու թափոններից ազնիվ, հազվագյուտ և ցրված բաղադրիչների համալիր կորզման ռացիոնալ սխեմաների մշակում:

Քանի որ մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների, գունավոր և ազնիվ մետաղների պաշարներով հարուստ ընդերքով Հայաստանը ԽՍՀՄ-ում առաջատար դիրքեր ուներ, 1963 թվականին ինստիտուտն անցավ ԽՍՀՄ Պետմետալուրգկոմիտեի ենթակայության տակ, որի ղեկավարությունն ամրագրեց Հայաստանում հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի համակողմանի զարգացման անհրաժեշտությունը:

1967 թվականին ընդունվեց և ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության հետ համաձայնեցվեց ինստիտուտի կազմակերպական կառուցվածքը, որի համաձայն հիմնական էին համարվում երեք բաժիններ` լեռնային, հարստացման և մետալուրգիայի, որոնց ենթակայության տակ կային 8 մասնագիտացված հետազոտական լաբորատորիաներ: Ստեղծվեց լեռնային աշխատանքների փորձադաշտ և կազմավորվեց ինստիտուտի Ալավերդու փորձարարական բաժանմունքը:

Հիմնական բաժինների իրականացրած հետազոտությունների համընդգրկունությունն ու արդյունավետությունն ապահովելու համար ստեղծվեցին երկրաբանության, տեխնիկատնտեսական և գիտատեխնիկական հետազոտությունների և արտոնագրային ծառայության բաժինները, կեղտաջրերի մաքրման և գազամաքրման ու փոշեզտման լաբորատորիաները:

Ինստիտուտի վերլուծական մասը ներկայացված էր կենտրոնական վերլուծական, հարգորոշման, սպեկտրալ վերլուծության, ռենտգենա-կառուցվածքային վերլուծության և միներոլոգիայի ու պետրոգրաֆիայի լաբորատորիաներով:

Իր պատմության ողջ ընթացքում ինստիտուտի գործունեությունն անշեղորեն ընդլայնվել է, զուգահեռաբար աճել են կատարված աշխատանքների ծավալները: Որոշակի անկում է արձանագրվել միայն 90-ականներին` Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ճգնաժամով պայմանավորված:

1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից` որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության:

Ինստիտուտում աշխատել և այն ղեկավարել են մի շարք անվանի գիտնականներ և արտադրության գործիչներ: